-Ամեն հայի մեջ մի Նապոլեոն է նստած,- մի առիթով քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի արտահայտած այս միտքը ժամանակին միանշանակ չընդունվեց և աստիճանաբար կորցրեց իր իմաստն ու նպատակայնությունը։ Եվ միայն տարիներ անց, մոռացության քողածածկույթից դուրս եկավ միհրանյանական փիլիսոփայությունը և սկսեց նորովի գործել 2018-ի ապրիլին տեղի ունեցած ոգու արթնացման ժամանակ։ Ճիշտ է, բոլորը նապոլեոններ չէին դարձել, բայց զորավարից ոչ պակաս փաշինյաններ էին։ Դուխով։ Ընդամենը երկու տարի։ Եվ ուրիշ ոչինչ։
Իսկ հիմա, նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներից յուրաքանչյուրի ներսում ալիքվողը անհամաձայնությունն է, կռիվը ինքն իր հետ և լեռնացող դժգոհությունը, որ կորոնավիրուսի նման տարածում է ստանում, մտնում տնից տուն, բակից բակ, բայց...
Ցաքուցրիվ բռնկումները կետային են, ինքնաբուխ, իշխանությունների նման պահի թելադրանքով։ Դեռ ժամանակ կա ու առայժմ չեն հավաքվում, չեն միատեղվում։ Պատճառները բազում են՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ։ Ընկալումը՝ դարձյալ տարատեսակ. նայած ով ինչպես է միտված մեկնաբանությանը։
Առիթից հրաշալի օգտված հանրապետության թիվ 1 հոխորտացողը ինչ-որ տեղ ճիշտ ժամանակին փակեց շատերի բերանը. «Արտակարգ դրության պայմաններում ուզում եք հավաքներ կազմակերպել. բա որ մենք միտինգներ անենք։ Դուք դա ո՞նց եք պատկերացնում»։
Արի ու տես, որ շատերի պատկերացումները համընկնում են. բարիկադ՝ երկու կողմերում երկփեղկված հանրություն։ Մի կողմում՝ մի բուռ հպարտ քաղաքացիներ, որոնց կենսակերպը 24 ամսվա ընթացքում շեշտակիորեն այնքան է լավացել, որ գույքահարկի բարձրացման պարագայում քաղաքի կենտրոնում բնակարաններ կգնեն, իսկ մյուսում՝ հպարտությունը դառնության վերածած հարյուրհազարավորներն են, որոնց ապրելակերպը աննախադեպ վատացել է այնչափ, որ օրվա հաց վաստակելու հարցը խնդիր է դարձել։ Մի մասի բախտը դեռ բերել է, քանի որ նրանք հնարավորություն ունեն իրենց ծնողներից ժառանգած տները վաճառելու իմքայլականներին և կենտրոնից տեղափոխվելու արվարձաններ։
Վարչապետի հերթական արտահայտությանը՝ բա որ մենք փողոց դուրս գանք, չպետք է ի միջի այլոց մոտենալ։ Ոչ իրավաչափ գործողություններ այս ընթացքում մենք շատ ենք տեսել, զգացել մեր մաշկի վրա։ Կտեսնենք և ավելին, եթե բարիկադների մեջտեղում հայտնվեն ոստիկանները, այն ոստիկանները, որ թավշյա հեղափոխության ժամանակ արժանապատվորեն ժողովրդինն էին։ Իսկ այսօր, Փաշինյանի դուխափոխանցումից հետո 180 աստիճանով փոխվել-կոշտացել են, «սիրահարվել» ուժի կիրառմանը։
Անհարկի միջամտություններին հագուրդ տալը հենց այնպես չի անցնելու։ Իրավիճակ է փոխվելու։ Այնպես, ինչպես իշխանությունների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն է գլխիվայր շրջվել։ Փոխվել է նաև երկրի ընթացքը, վարկանիշը։ Միջազգային արենայում չունենք այն, ինչը կաթիլ-կաթիլ գոյացել է։ Դարձել կամ դառնում ենք անհասկանալի աշխարհին, բայց ընթեռնելի՝ միայն մի հարևան երկրի համար։ Սա՛ է ողբերգությունը, որ ամենուր մեր հայրենակիցների օրախնդիրն է՝ ե՞րբ և ո՞վ է լինելու հանրապետության նոր վարչապետը՝ տասնհինգերորդը։
Հների՞ց։ Միանշանակ՝ ոչ։ Իմքայլականների՞ց։ Առավել ևս։ Գուցե հնի և նորի խառնուրդի՞ց։ Դժվար թե։ Այդ դեպքում ո՞վ։ Պատասխանն արդեն բացահայտ է՝ 3 միլիոն վարչապետերից մեկը։ Սպասված թե անսպասելի, էական չէ։ Կարևորը՝ պոպուլիստ, ստախոս, ինտրիգան չլինի։ Ժողովրդի մեջ չխորացնի ատելությունն ու անհանդուրժողականությունը։ Երկրի առջև ծառացած խնդիրները թողած դռնեդուռ չընկնի՝ բուկլետներ, դիմակներ չբաժանի, ամեն աստծու օր իրարամերժ, հակասական շատախոսություններով հանրության և իր միջև վիհը չխորացնի։ Չընկալած օրվա և վաղվա մարտահրավերները՝ դրսում չթողնի լարախաղացի տպավորություն։
Նա է նոր վարչապետը, ով Վանո Սիրադեղյանից ավելի ինքն իրեն գողական չհամարի և «մեյդան» չբերի «կփռենք ասֆալտին, կծեփենք պատերին, թաթիկներ կկտրենք»... Փողոցային խոսելաձև։ Իսկ հաջորդ օրը արթնանալով ձախ ոտքի վրա, չի շռայլի այնպիսի խոստումներ, որոնց կատարման համար դեռևս չկան հիմնարար օրենքներ և համապատասխան գործիքակազմ։
Նա է վարչապետը, ով իր կարգավիճակը ստորադասելով օրենքին, անձնական ամբիցիաների իրացման նպատակով հանրությանը չի մղի անօրինությունների՝ դատարաններ պաշարելուն, փողոցներ ու ճանապարհներ փակելուն, միտինգներում՝ ժողովրդավարություն խաղալով կադրային հրամաններ, որոշումներ չկայացնի։ Ժողովրդի անունից դատաիրավական համակարգը հանիրավի անբավարար գնահատելու, հարկ եղած դեպքում խուսանավելով և պատասխանատվության ողջ բեռը հանրության ուսերին դնելու մենաշնորհ և խեղկատակ այլ փիլիսոփայություններ այլևս չեն գործի։
Նոր վարչապետը, անշուշտ, կամայական ցանկացած ձեռնարկում չի շղարշի ժողովրդի հորինածին պահանջով և անընդհատ թմբկահարի, որ իր թիմը իշխանության է եկել թավշյա հեղափոխության արդյունքում հանրության աննախադեպ քվեով։ Նորեկը կառավարությունը չի ձևավորի փողոցից բռնած, կիսատ-պռատ կենսագրությամբ և կարկատված աշխատանքային մատնոցաչափ փորձով ջահելներով, որոնց հետ քայլել է կողք կողքի, աղ ու հաց կիսել։ Քայլարշավը, իհարկե, օգտակար է առողջությանը, բայց ոչ առանցքային պայման, որ մասնակիցներն են կանգնելու երկրի ղեկի մոտ՝ անսխալականի պահվածքով ու հարկադրված օրընդմեջ օրենքներ ու որոշումներ են փոխում-թարմացնում, ասես Հայաստանը անծայրածիր փորձադաշտ է, իսկ իրենք՝ անփոխարինելի իշխաններ։ Մինչդեռ կառավարման համար կան բոլորովին այլ չափանիշներ՝ մաքուր, անաղարտ կենսագրություն, անցած նկատելի ճանապարհ, համապատասխան կրթական ցենզ և մասնագիտական աշխատանքի փորձ ու հմտություն՝ առանց հաշվի առնելու քաղաքական նկատառումները, առանց սև ու սպիտակի, հին ու նորի տարանջատումը։
15-րդ վարչապետը կլինի նա, ով զերծ կմնա ընտրովի թիրախավորումից, սրա ու նրա հագով քրեական գործեր հարուցելուց, մեր առօրյա կյանքը ոճային կառույցներով խցկելու մարմաջից։ Բուհական ընդունելության քննությունների հսկիչներին ոստիկաններով փոխարինելը՝ պայմանավորված COVID-19-ով, ապաշնորհության ցայտուն օրինակներից մեկն է։ Իշխանությունը 100 %-ով փոխվելու է նաև այն պարզ պատճառով, որ ունակ չեն լսել-հասկանալու այլակարծություն կամ պարզապես չեն ուզում ընդունել սեփական սխալներն ու թերացումները և շարունակում են իրենցն առաջ տանել, որքան էլ դա աղերսներ ունի ազգայինի հետ, խորթ են մեր ավանդույթներին։ Նա է վարչապետը, ով կգա ոչ թե նախորդ իշխանության նկատմամբ լցված ատելության ալիքով և իր ընտրությունը կգեներացնի որպես ժողովրդի մի հատվածի սիրո և հավատի, անկախության 30 տարիների բացառիկ լիգիտիմության արդյունք։ Եկողը չի դատապարտի ոչ նախորդ, ոչ նախորդի նախորդ և ոչ էլ վաղվանից նախորդ դարձած իմքայլական իշխանություններին։ Չի ընկնի աշխատող-արարող, աշխատատեղեր ստեղծած մարդկանց հետևից, որոնք թեկուզ դրան հասել են ինչ-ինչ խախտումներով, բայց ոչ հանցագործությամբ։ Նշանառության տակ չի պահի ու չի հետապնդի տարբեր կարողությունների և հնարավորությունների տեր գործարարների, մեծահարուստների՝ նրանց ունեցվածքը վիճահարույց, սաղմնային վիճակներում գտնվող օրենքի «ուժով» խլելու-ժողովրդին վերադարձնելու միֆը օրախնդիր դարձնելով։ Չկա լիակատար օրենսդրական դաշտ և համապատասխան գործիքակազմ։
Վստահ եմ, որ հանրապետության հերթական վարչապետը իր առաջին առաքելությունը կհամարի 14-րդ վարչակազմի ողջ գործունեության սրբագրումը, օրենքի և հանրության առաջ պատասխան տալը, իսկ պատիժը կթողնի Բարձրյալին։ Նա այնքան խոհեմ կլինի, որ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար կկոնսոլիդացնի անխտիր բոլոր ուժերը մի նպատակի՝ երկրի անվտանգությունն ու զարգացումը կայունացնելու շուրջ։ Կլոր սեղանի շուրջ հավաքելով մտավոր և ֆինանսական ռեսուրսների տիրապետող անձանց՝ զարտուղի ճանապարհներով հարստացածների, դղյակատերերի, 4 մլրդ ունեցող-չունեցող նախկին և ներկա պաշտոնյաների, սահմանադրությունը կամ այլ բաները տապալած բանտ նստածների, ամենատարբեր պատճառներով հանրապետությունից փախած արամհարությունյանների նման տասնյակ ունևորների և ընդհանրապես տնտեսական հանցագործություն կատարածների, օրենքի կամ մարդկայինի ուժով և կամ՝ միջանձնային այլ հարաբերությունների խաղի կանոններով առաջարկելու է համագործակցություն՝ անազատությունից զրկելու և ժողովրդից գողացածը հատ-հատ վերադարձնելու փոխարեն, եթե յուրաքանչյուրի համար ընդունելի են կոնկրետ և ապացուցվող փաստերը։
Հանրապետության նոր վարչապետը 3 միլիոնից այն մեկն է և ամենազորեղը, որ մտքի ուժ և կամք կունենա ¥ոչ թե դուխով վերտառությամբ գլխարկ¤, որպեսզի ներկաների աչքի առաջ ոչնչացնելով բոլորի մասին հատորացված կոմպրոմատները, կներկայացնի նախապես հաշվարկված ծրագիր, համաձայն որի, մարզերի հավասարաչափ զարգացման համար պահանջվող ֆինանսական բեռի մի հատվածը կդրվի ներկայիս իշխանությունների կողմից հարգված և չհարգվող այն բոլոր ունևորների վրա, որոնք կամովին պարտադրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ սահմանված ժամանակահատվածում նպատակային ներդրումների՝ հարկային պարտավորությունների զրոյացման պայմաններում։
Եվ ուրեմն՝ նոր վարչապետը, ի տարբերություն Փաշինյանի, անընդունելի է համարում հարուստների սնանկացումը, պատժամիջոցների խստացմամբ վախեցնելը, քրեական գործեր հարուցելն ու բանտեր լցնելը, կայացած գործարարներին հեղինակազրկելու տարատեսակ փորձերը, այս կամ այնինչին մերժելու հիվանդագին տենչը։ Կողմնակից է, որ բոլոր հարկատուներն իրենց ընդունած մեղքի բաժինը փոխհատուցեն պետության կողմից նախանշած աշխատանքով։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Պատկերացնու՞մ եք, եթե պետությունը Յիրիկյանների նման մի քանիսի հետ համաձայնեցված աշխատեր, ասենք, աղետի գոտու բնակֆոնդի վերականգնման ուղղությամբ, մենք այսօր չէինք ունենա հարյուրավոր կացարաններում հոգեմաշ եղող «հպարտ» քաղաքացիներ։